Ամեն օր կապանցին վեր է կենում՝ թուրքի դրոշը դեմը։ Սրաշեն տանող ճամփի ուղղությամբ, քաղաքից դուրս ես գալիս՝ 5 կիլոմետրի վրա, երեք-չորս տեղ թուրքերի պոստ կա՝ դրոշը դրած, ճամփին կպած։ Իրենց զգում են ինչպես ձուկը ջրում, տիրոջ պես. Yerkir.am-ի հետ զրույցում իր մտահոգություններն է հայտնում Սյունիքի Սրաշեն գյուղի բնակիչ Ռուբեն Գալստյանը։

Նոյեմբերի 9–ին Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված եռակողմ հայտնի հայտարարությունից հետո Սյունիքի մարզի սահմանները, այդ թվում՝ Կապան մարզկենտրոնը հայտնվեցին Ադրբեջանի անմիջական հարեւանությամբ։ Դեպի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ տանող ճանապարհի որոշ հատվածներ արդեն թշնամու տարածքում են: Սրաշենում, ճիշտ է, երթեւեկություն կա, գնում-գալիս են, բայց Ռուբեն Գալստյանը մտահոգ է՝ թուրքին չի վստահում:

«Թուրքը մնում է թուրք։ Մի գեղեցիկ օր կլինի այն, ինչ մարդիկ մտածում են՝ առեւանգում, ճանապարհի փակում, ինչպես եղավ 1990-ականներին»,-նշում է նա։

Տարակուսանքի մեջ է, չգիտի՝ ինչ է լինելու։ Թեեւ վախը սրտում է, բայց գյուղը լքել չի ուզում։ Գնալու ցանկություն չունեն նաեւ համագյուղացիները։ «Մենք ցանկություն չունենք լքելու Սրաշենը, բայց իշխանություն էլ պիտի ունենանք, որ գյուղացին վստահ լինի՝ իր հետեւում մարդ կա, իր համար բարձր ատյաններում մարտնչող կա, պաշտպանված է օրենքներով»,-ասում է Ռուբեն Գալստյանը։

Հիշում է՝ 1990-ականներին էլ էր նույն իրավիճակը, բայց այսպիսի անտերություն, անտարբերություն չէր, ասում է՝ միայնակ չէր: «Հիմա մենք անտեր վիճակում ենք»,-նշում է մեր զրուցակիցը։

Հարցին՝ իսկ ի՞նչ պետք է անի իշխանությունը, որ չի անում, ի՞նչ սպասելիքներ ունեն սրաշենցիները, վրդովված է արձագանքում․ «Ի՞նչ իշխանություն, ձեզ մոտ՝ Երեւանում, կա՞ իշխանություն, պատասխանեք՝ կա՞ սրտացավ իշխանություն հայ ազգի համար, մեզ մոտ չկա։ Ո՞վ պիտի մտածի գյուղացու կյանքի մասին, եթե ոչ՝ պետությունը։ Իշխանավորը պիտի գյուղացու մասին հոգ տանի, որ նա ապահով, հպարտ զգա»։

Հետաքրքրվեցինք՝ պետական այրերը գալի՞ս են, փորձո՞ւմ են պարզել՝ ինչ իրավիճակ է: «Մեր համայնքապետերն են մեր կողքին, համայնքային իշխանությունը։ Հայաստանի իշխանությունները նույնիսկ չեն կարողանում պետական սահմանի հարց լուծել։ Ադրբեջանցին եկել, կանգնել է գյուղի դիմաց, մեր մշակահողերի կողքին։ Պետական միջամտություն է պետք, վարչական ղեկավարն այս առումով լիազորված չէ որեւէ բան անել։ Բերել GPS-ով պետական սահման են որոշում։ GPS-ով պետական սահման չեն որոշում, ընդ որում՝ մի օրվա մեջ։ Պետական սահմանը որոշելու համար տարիներ են պետք, իսկ դրա համար՝ բանակցող։ Ո՞վ պիտի բանակցի»,-ասում է Սրաշեն գյուղի բնակիչը։

Աղբյուր՝
https://hayeli.am/?p=621134&l=am

Comments