«Ինձ մոտ տպավորություն է, որ մեր գեներալները դարձել են ասող-խոսող, իսկ որ ամենավատն է՝ գրող-ջնջող։ Ու այդ կարգի գեներալները փորձում են քննադատել ուրիշներին։ Ինչ է նշանակում շտաբի պետ եղած գեներալը մամուլի ասուլիս տա ու ինչ -որ բաներ պատմի։ Լրի՞վ եք գժվել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը՝ անդրադառնալով Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործին։

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հատկանիշներով:

Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին: Հակոբյանի մեղադրանքի մասին այլ մանրամասներ հայտնի չեն, ԱԱԾ-ից էլ հավելյալ տեղեկատվություն չեն տրամադրում։

Հիշեցնենք, սակայն, որ պատերազմից հետո՝ նոյեմբերի 19-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Մովսես Հակոբյանը ուշագրավ հայտարարություններ էր արել։ Նախ՝ նա նշել էր, որ սպառազինության ձեռքբերման պլանը գործող Կառավարությունը 2018 թվականին փոխել է:

Ապա հավելեց, որ զինված ուժերի մարտավարական օղակը կրճատվել է, օպերատիվ օղակը՝ ավելացվել, գլխավոր շտաբի ու նախարարության անձնակազմի թվաքանակը 95%-ով աճել է, փոխարենը կրճատվել է մարտավարական օղակը` սկսած վաշտից, ավարտած՝ գնդերով, կրճատվել է հինգ գունդ, նաև՝ ջոկատի կազմն է կրճատվել` 11-ից դառնալով 9: Հակոբյանը այդ ժամանակ հայտնել էր, որ պատերազմի ընթացքում զորահավաք չի իրականացվել. սեպտեմբերի 30-ի դրությամբ Արցախի բանակի համալրման պլանն իրականացվել է 78%-ով, Հայաստանինը` 52%-ով:

Ճիշտ է, հետո Մովսես Հակոբյանը իր մեկ այլ հարցազրույցում հերքել էր ինքն իրեն՝ կապված սպառազինության ձեռքբերման պլանի հետ, այդ ժամանակ պնդել էր, որ պլանը չի փոխվել, սակայն մնացած տեղեկությունները, ըստ էության, իրենց մեջ պետական, ռազմական գաղտնիք են պարունակում։

Սիրունյանի խոսքով՝ այս քրեական գործը, եթե իհարկե, վերաբերում է այդ ասուլիսում հնչեցված բացահայտումներին, ապա ավելի վաղ պետք է հարուցված լիներ, քանի որ գեներալին, բանակի երկրորդ դեմքին հարիր չէ մամուլի ասուլիս հրավիրել և բանակի ներքին խոհանոցը, ռազմական գաղտնիք պարունակող տեղեկությունները հանրայնացնել։ «Մի գեներալ մամուլի ասուլիս է հրավիրում ու կյանքն է պատմում, գեներալների մի խումբ գիշերով ինչ-որ հայտարարություն են ստորագրում ու հրաժարական է պահանջում, հաջորդ օրը մի հատ էլ են հայտարարություն տարածում՝ հայտարարելով, որ վերահաստատում են իրենց առաջին հայտարարությունը։ Սա ծիծաղելի է։ Ու նրանք գեներալնե՞ր են համարվում։ Եթե այն, ինչ հրապարակվել է Մովսես Հակոբյանի կողմից մամուլի ասուլիսի ժամանակ, ճիշտ է, ապա այդ գեներալը պետք է մեղմ ասած պատասխանատվության ենթարկվի և հետո կողմնորոշվի՝ ինքը հասարակական, քաղաքական գործիչ է, կանաչների միութունից է, թե՞ գեներալ»,-ասաց Սիրունյանը։

Փաստաբանն ասաց, որ արդյունքներ չի տեսնում առայժմ, բայց հույս ունի, որ գոնե այս գործով բացահայտում, պատասխանատվություն կլինի. «ԱԱԾ-ի հետ կապված որոշակի հույս ունեմ։ Ավելին ասեմ՝ Գլխավոր շտաբի ակցիան ես կապում եմ նրա հետ, որ ԱԱԾ-ն ակտիվացրել էր իր աշխատանքները բանակի կոռուպցիայի մեջ, ակտիվացրել է իր աշխատանքները բանակում։ Եվ հետո, այս ու նմանատիպ գործերով բացահայտում ու պատասխանատվություն է պետք, որպեսզի հաջորդիվ այլ գեներալներ չորոշեն ուսադիրներով հանդերձ քաղաքականությամբ զբաղվել։ Հիմա մենք նախկին ղեկավարներին ի թիվս այլի մեղադրում ենք բանակը 2008-ին քաղաքականության մեջ խառնելու համար։ Նույնն էլ ամիսներ առաջ եղավ։ Գեներալները հավաքվեցին ու փորձեցին բանակը խառնել քաղաքականությանը։ Ես կփորձեի հասկանալ, եթե նրանք հեղաշրջում անեին, ասեին՝ ուզում ենք երկիրը ոտքի կանգնեցնել, բայց գրել-ջնջելը, դատարան դիմելը, պահանջելը իրենց վերականգնել ինչ -որ պաշտոնների՝ ես դա չեմ հասկանում ոչ մի կերպ։ Դա աբսուրդ է»,-ասաց Սիրունյանը։

Ինչ վերաբերում է նրան, որ փորձ է արվում ոմանց կողմից այս քրեական գործերին քաղաքական նրբերանգ հաղորդել, փորձ անել ներկայացնել, թե սա քաղաքական հետապնդում է, ապա Սիրունյանը հորդորեց այդ մարդկանց չշտապել, քանի որ հնարավոր է շատ հակառակը պարզվի. «Կամ կարող է պարզվել, օրինակ, ինչպես է մի գեներալ իր առանձնատունը վաճառել բանակին, ապա այն նվեր ստացել բանակից։ Բա որ նման բաներ պարզվեն։ Այդ գեներալի անունն էլ չեմ տա, թող պարզեն»,-եզրափակեց Ալեքսանդր Սիրունյանը։

https://blogtime.am/

Comments