Ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ տանող ճանապարհ ներխուժելը ևս ահաբեկչության և բարբարոսության մի ձև է: «Փաստինֆո» -ի հետ զրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք՝ ադրբեջանցի զինվորականները նախօրեին Շուշիի հատվածում շրջանցել են ՌԴ խաղաղապահ ուժերի անցակետը ու շարժվել Ստեփանակերտի ուղղությամբ, գրառում կատարել տանկի հուշարձանի մոտ տեղադրված ցուցանակի վրա։

«Իհարկե մենք կձեռնարկենք համապատասխան միջոցներ, որպեսզի նման միջադեպեր տեղի չունենան։ Դա ոչ միայն մեր, այլ նաև խաղաղապահների համար է մեծ հարված և իրենք ևս համապատասխան քայլեր կձեռնարկեն»,- ասել է Բաբայանը։

Եռակողմ ստանձնած պարտավորության խախտումը արձանագրել էին ռուս խաղաղապահները, ինչի վկայությունը տանկի հուշարձանի մոտ տեղադրած ցուցանակի վրա կատարված գրառումն է եղել։ Բայց բացառված չէ, որ նախկինում ևս եղել են դեպքեր՝ առանց հետքեր թողնելու կամ կարող են լինել՝ վտանգելով Արցախի բնակչության կյանքը. այս դիտարկմանն ի պատասխան Դ.Բաբայանն ասել է.

«Դա պարզելու համար պետք է համապարփակ ձևով ուսումնասիրենք այս ամենը։ Իսկ պարզապես ասել դա առաջին դեպքն է, թե ոչ ՝ դժվար է։ Սակայն չի բացառվում, որ նման դեպքեր կարող են տեղի ունենալ, չի բացառվում։ Եվ մենք պետք է միշտ պատրաստ լինենք»։

https://www.slaq.am/arm/

Comments