Ի՞նչ արժե նորածինը Հայաստանում․ զզվելի հանցանքները սկսել են բացահայտվել

121

Հուլիս ամիսը, ցավոք, հարուստ էր նորածինների նկատմամբ կատարված հանցագործություններով: Պաշտոնական հաղորդագրությունները հետևում էին մեկը մյուսին: Բացահայտվել են նորածինների վաճառքի մի քանի դեպքեր, ինչպես նաև, ցավոք, մոր կողմից նորածնի սպանության դեպք

Ի՞նչ է տեղի ունենում: Զուտ սոցիալակա՞ն, թե՞ սոցիալ-բարոյական անկումն է հանգեցրել նման իրավիճակի, երբ դեռ չծնված կամ նորածին երեխան որպես ապրանք՝ վաճառքի է հանվում  հենց ծնողի՝ երեխային ինը ամիս կրծքի տակ պահած մայրիկի կողմից կամ շնչահեղձ է արվում, կյանքից զրկվում ու աղբանոցն է նետվում  մայրական ձեռքերով:

Նորածինների վաճառքի դեպքերը, իրոք, շատացե՞լ են, թե՞ սկսել են ավելի շատ բացահայտվել, ու բացահայտումների մասին պաշտոնական տեղեկատվությունը տրվում է առանց թաքցնելու:

Ելնելով պաշտոնական հաղորդագրություններից՝ նորածինների «վաճառքի գները» էականորեն ցածր են, ասենք, անշարժ գույքի կամ որոշ մեքենատեսակների գներից…

Երեխա վաճառած ծնողը վաճառքից ստացած գումարը շուտով կծախսի, միգուցե՝ դատվի ու պատասխանատվության էլ ենթարկվի, բայց նրա իրական պատիժը առանց համաներման ու «պայմանական-վաղաժամկետի»՝ միշտ կախված է լինելու սեփական երկու ուսերից՝ որպես չհանգչող հիշողություն և չթեթևացող բեռ:

Օրենքը չիմանալը մարդուն չի ազատում պատասխանատվությունից: Միգուցե սեփական երեխաներին փողով ծախող կանայք չգիտեն քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների մասին, միգուցե ինքնախաբեությամբ հանգստացնում են իրենց, թե երեխայի համար ավելի լավ ապագա են ապահովել, բայց անօգնական երեխայի առուվաճառքի բացասական բոլոր հետևանքները կրում են ինչպես վաճառողները, այնպես էլ գնորդներն ու ինքը՝ վաճառքի հանված մարդ արարածը:

Սոցիալական ծանր վիճակի մեջ գտնվելը կամ հասարակության ձաղկումների հանդեպ անցանկալի երեխայի հետ դեմ առ դեմ հայտնվելուց վախենալը ո՛չ արդարացում, ո՛չ մեղմացուցիչ հանգամանք կարող են լինել երեխա վաճառողների համար…

Ըստ ՀՀ դատախազության պաշտոնական հաղորդագրության՝ Շիրակի մարզի  դատախազության կողմից  իրականացվող  դատախազական հսկողության  ներքո ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության  Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական   միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ  2018 թվականի օգոստոսի 20-ին Գյումրի քաղաքի բնակչուհին  իր   նորածին երեխային 1 միլիոն 200 հազար ՀՀ դրամի  դիմաց վաճառել է Երևան քաղաքի բնակիչ ամուսիններին։

Ձեռք  են բերվել արժանահավատ տվյալներ, որ 1992 թվականին ծնված Արմավիրի մարզի բնակչուհին փաստացի  ամուսնական կապի  մեջ է գտնվել Գյումրի քաղաքի 1989 թվականին ծնված բնակչի հետ: Վերջինիս՝ ՌԴ-ում  գտնվելու ընթացքում՝ 2018 թվականի օգոստոսի 20-ին, կինը ծննդաբերել է աղջիկ երեխա, որից հետո ամուսնուն և  սկեսրոջը սխալ տեղեկություն է հայտնել,  թե երեխան մահացել է: Իրականում կինը    իր  մոր  օգնությամբ  նորածին երեխային 1 միլիոն 200 հազար  ՀՀ դրամով վաճառել է Երևան քաղաքում  բնակվող  ամուսնական  զույգի:

Պարզվել  է նաև, որ երեխայի  մայրը՝ «վաճառողը», և Երևան քաղաքի բնակիչը՝ «գնորդը», քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին հայտնել են սուտ տեղեկություններ  երեխայի հայրության վերաբերյալ և այդ կերպ կարողացել են գրանցել երեխայի  հայրության ճանաչման կեղծ փաստը։

«Նկատի ունենալով, որ  նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են եղել խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու հանցագործությունների հատկանիշներ՝ Շիրակի մարզի դատախազությունում որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 168 հոդվածի 1-ին մասով և 169.1 հոդվածով քրեական  գործ հարուցելու  մասին»:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ։

Եվս մի դեպք. ՀՀ ոստիկանության ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոտայքի մարզում բնակվող մի տղամարդ հուլիսի 9-ին Արարատի մարզի ծննդատներից մեկից որդեգրելու նպատակով նորածին աղջնակի է գնել… 1500 դոլարով։

Ոստիկանության Կոտայքի և Արարատի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների համատեղ աշխատանքի արդյունքում պարզվել է, որ տղամարդը ընդհանուր ծանոթի միջոցով համաձայնության է եկել Արարատի մարզում բնակվող մի կնոջ հետ, որը հուլիսի 9-ին ծննդաբերել է։

Ծննդաբերությունից հետո նրանք կեղծ տեղեկություններ են ներկայացրել քաղաքացիական կացության ակտերի գրանցման Վեդի քաղաքի գրասենյակ, ինչի հիման վրա երեխային տրվել է կենսաբանական հայր չհանդիսացող  տղամարդու ազգանունը։ Պարզվել է, որ տղամարդը երեխայի մորը մի քանի տասնյակ հազար դրամ է տվել՝ խոստանալով, որ  հետագայում էլի փող կտա։ Դեպքի մյուս հանգամանքները քննությամբ պարզվում են։

Նորածնի առուվաճառքի ևս մի դեպք. հուլիսի 21-ին ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի 28-ամյա բնակչուհին հղիության ընթացքում Արմավիրի 32-ամյա մի բնակչուհու միջնորդությամբ  պայմանավորվածություն է ձեռք բերել երևանցի 37-ամյա տղամարդու հետ, նրանից ստացել է 350 000 դրամ և, ըստ պայմանավորվածության, ծննդաբերելուց հետո երեխային պետք է հանձներ նրան։ Երեխային հանձնելուց հետո տղամարդը պետք է վճարեր ևս 500 000 դրամ:

Արմավիրի բնակչուհին հունիսի 23-ին ծննդաբերել  և նորածնին հանձնել  է «գնորդին»՝ 37-ամյա տղամարդուն, սակայն նույն օրը, գիտակցելով արաքի հետևանքները, հետ է վերցրել երեխային։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ նորածնի մայրը և երևանցի տղամարդը գնացել են Արմավիրի տարածքային ՔԿԱԳ, որ երեխայի հետ կենսաբանական կապ չունեցող տղամարդը ճանաչի երեխայի հայրությունը: Սակայն չեն կարողացել կատարել հայրության ճանաչման գործողությունը, քանի որ երեխայի մայրը տարիներ առաջ ամուսնության պետական գրանցում է ունեցել այլ անձի հետ։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Նախապատրաստվում են նյութեր։

Վերը ներկայացված դեպքերում հարկ է ուշադրություն դարձնել ընդհանուր ձեռագրի վրա. երեխա վաճառող կնոջ ու գնորդ տղամարդու կողմից ՔԿԱԳ մարմիններում կեղծ տեղեկություն հայտնելու միջոցով առուվաճառքի հանգամանքը կոծկելու, կատարված հանցագործությունը նոր հանցավոր քայլով թաքցնելու քայլ է կատարվում: Սա ցույց է տալիս, որ նորածինների առուվաճառք հանցատեսակը նույնիսկ իրականացման որոշակի ընդհանուր մեխանիզմ ունի, որը պահպանվում և նույնությամբ իրականացվում է միանգամայն տարբեր դեպքերում ու տարբեր մարդկանց կողմից, ՔԿԱԳ տարբեր մարմիններում:

Նորածնի առուվաճառքի մյուս դեպքը. 2020 թվականի հուլիսի 16-ին Արարատի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել, որ նույն մարզի բժշկական հաստատության աշխատակցի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել և 2020 թվականի հուլիսի 13-ին իր նորածին դստերը 2 հազար ԱՄՆ դոլարով վաճառել է երևանաբնակ  ամուսինների:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168 հոդվածի  (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը) 1-ին մասով: Քրեական գործի  նախաքննությունը կատարելու համար այն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Քրեական գործով կատարված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի բնակչուհին, ունենալով ութ ամսական հղիություն, 2020 թվականի հունիսին բժշկական հաստատության աշխատակիցների կազմակերպմամբ և օժանդակությամբ  պայմանավորվածություն է ձեռք բերել Երևան քաղաքի բնակչուհու հետ` 2 հազար ԱՄՆ դոլարով երեխայի վաճառքի շուրջ՝ երեխային վերջինիս խնամքին հանձնելու նպատակով:

Պայմանավորվածության համաձայն՝ Արարատի բնակչուհին ընդունվել է Երևանի բուժհաստատություններից մեկը, որտեղ 2020 թվականի հուլիսի 8-ին ծննդաբերել է աղջիկ երեխա և բուժհաստատությունից դուրս գրվելուց հետո՝ 2020 թվականի հուլիսի 13-ին, երեխային հանձնել է գնորդին՝ Երևանի բնակչուհուն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երեխային վաճառող կնոջը և գնորդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168 հոդվածի 1-ին մասով, Երևանի բնակչուհու ամուսնուն  և բուժաշխատողներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-168  հոդվածի 1-ին մասով, վերջիններս տվել են խոստովանական ցուցմունքներ:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործի հետագա նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը:

Եվ՝ հուլիսյան ամենասարսափելի դեպքը. նորածնին արդեն ոչ թե վաճառել, այլ կյանքից զրկել է մայրը ու իր ձեռքով նետել է աղբանոցը:

2020 թվականի հուլիսի 29-ին, ժամը 22-ն անց 45-ին «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ արգանդի արյունահոսություն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի 31-ամյա մի բնակչուհի:

Ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ վերջինս 2020 թվականի  հուլիսի 29-ին, ժամը 15-16-ն ընկած ժամանակահատվածում, իր աշխատավայրի սանհանգույցում միայնակ ծննդաբերել է իգական սեռի երեխա: Երեխան ճչացել է, մայրը «սրբիչը մտցրել է նորածնի բերանի խոռոչը, այնուհետև երեխային դնելով աղբի համար նախատեսված պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ նետել է հարակից շենքի աղբանոցը, որտեղ էլ հայտնաբերվել  է նորածնի դին»:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը) հարուցվել է քրեական գործ:

Կինը ձերբակալվել է՝ իր նորածին երեխայի սպանության կասկածանքով:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձիք: Նշանակվել է մանկան դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ամենայն հավանականությամբ կնշանակվի նաև մոր նկատմամբ դատահոգեբուժական-դատահոգեբանական փորձաքննություն՝ նրա հոգեկան առողջությունը և հոգեբանական վիճակը հստակեցնելու նպատակով:

1in.am

Comments