«Իմ երեխուն այդ օրը գցի ու դուրս գա ազատության մեջ ֆռա՞, հա՞». 2019թ. դաժան ծեծի ենթարկված և մինչ օրս կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի հայրն ահազանգում է

61

2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը՝ Սամվել Մխիթարյանը, ահազանգում է՝ որդուն ծեծի ենթարկածներից Հարություն Գրիգորյանին, որը Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականն էր, հնարավոր է՝ գրավի դիմաց ազատ արձակեն։

«Արդեն 2-3 անգամ դատերի ժամանակ ուզեցին նախկին մարզպետի օգնականին գրավի դիմաց ազատեին, դատավորը մերժեց, հիմա տվել են Վերաքննիչ, այսօր նոր զանգել-ասել են, որ փետրվարի 25-ին, ժամը 15։00 վերաքննիչում նիստ կլինի։ Ուզում են ապացուցել, որ հարված չի եղել, իբր ընկել է, բայց 4 հոգի ականատեսներից ասում են, որ մարզպետի գլխավորությամբ հարվածել են․․․ Կարող է՝ իրենք մարդ ունեն, փողը տան՝ ազատեն։ Իմ երեխուն այդ օրը գցի ու դուրս գա ազատության մեջ ֆռա՞, հա՞»,- ասաց փոխգնդապետի հայրը։
Նրանից հետաքրքրվեցինք նաև փոխգնդապետի առողջական վիճակից, ինչին նա պատասխանեց, որ որդու վիճակը վատ է, մինչ օրս դեռ կոմայի մեջ է։

Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ փաստաբանի ներկայացրած միջնորդությունը, և մեղադրյալը 1 միլիոն 500 հազար դրամ գրավով ազատ էր արձակվել։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել գործող իշխանությունների ներկայացուցչին՝ Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին, մեղադրյալի կարգավիճակում է նաև նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Միջադեպից մեկ շաբաթ անց Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից հրաժարական էր տվել Տրդատ Սարգսյանը, որը, ըստ շրջանառվող տեղեկությունների և որոշ վկայությունների՝ դեպքի վայրում է եղել։

Այդ վկայությունները տվել են դեպքին ականատես 4 սպաները, որոնք ասել են, որ նախկին մարզպետը հաստատապես եղել է դեպքի վայրում և հետևել է միջադեպին` չկանխելով այն: ՔԿ-ն, սակայն, ժխտել էր այս հանգամանքը՝ հայտնելով, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019 թվականի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել:

Հիշեցնենք նաև, որ Տրդատ Սարգսյանը Վայոց Ձորի մարզպետ էր նշանակվել Նիկոլ Փաշինյանի գլխավորած «հեղափոխությունից» հետո՝ ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի նիստում:

2020թ. հուլիսին նա նշանակվել էր Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար։ Այս մասին տեղեկանում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջից:

Հիշեցնենք, որ Տրդատ Սարգսյանը Վայոց Ձորի նախկին մարզպետն էր: Նա հրաժարական էր ներկայացրել Վայոց Ձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպից հետո: Փոխգնդապետի հարազատները պնդում են, որ նա ներկա է եղել միջադեպին և չի դադարեցրել ծեծկռտուքը:

«Ժողովուրդ, սպաների մայրեր, զգույշ եղեք, ձեր երեխաներին պահեք, քանի որ հիմա սպան շատ ցածր մակարդակի է իջած, ով ուզենա՝ կարող է խփել: Էն սպան, որը սահմանին է կանգնած, ավելի է պաշտպանված, քան երկրի ներսում: Երկրի ներսում կարող են սպային ջարդել, փշրել ու աշխարհով մեկ հայտարարել, թե՝ մեր դեմը խաղ չկա, ինչ կուզենք՝ կանենք: Երեկ ազատ են արձակել այն մարդուն, ով 100 տոկոս մասնակից է եղել ծեծկռտուքին, որ «գռուպավոյ» չգնան: Գոռում են՝ դատարանի արդարություն, ո՞ւր է, երբ ուզում՝ առնում են, երբ ուզում՝ ծախում են: Ջարդեք, փշրեք, 1.5 տվեք, ման եկեք»,- դեռևս 2020թ. լրագրողների հետ զրույցում հայտարարել էր Արա Մխիթարյանի հայրը՝ Սամվել Մխիթարյանը:

Սամվել Մխիթարյանը գործի արդար քննությանը չի հավատում:

«Ոչ մի արդար քննություն չկա: Եթե իրենք կարող են վիդեոներով ինչ-որ բաներ ճշտել, մինչև հիմա քննությունը գնում է, ինչո՞ւ որևէ բան չեն պարզել: Ուզում են էդ լամուկին հանել միջից, ուզում են մարզպետին (նախկին.- Ա.Հ.) միջից հանել: Թե ով է ուզում մարզպետին արանքից հանել, ես չգիտեմ: 4 հոգի, 4 կենդանի մարդիկ ասում են, որ անտեղ է եղել, իսկ իրենք վիդեոյով ուզում են հանեն: Դա արդա՞ր քննություն է, ուրեմն՝ տեսախցիկը կարող է արդարացնել, իսկ չորս մարդու խոսքին չեն հավատում»,- ասել էր սպայի հայրը:

Comments