Ինձ համար լավ կինը նա է, որը լավ զավակ է եւ լավ մայր. Աբել Աբելյան

119

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը «Փախուստ», «Կյանքի գինը», «Վերադարձ», «Ոստիկաններ» եւ այլ հեռուստասերիալներից հայտնի դերասան, մի շարք հեռուստանախագծերի պրոդյուսեր, «Casting School» կինոյի եւ հեռուստատեսության դպրոցի տնօրեն Աբել Աբելյանն է: Նա անդրադարձել է իր բնավորության գծերին, լավ կնոջ մասին իր պատկերացումներին, նշել է, թե ինչը երբեք չի ներում, եւ ով է իր ամենասուր քննադատը: Նա խոստովանել է, որ չափազանց բարի է, եւ մարդիկ հաճախ շահագործում են իրեն դրա համար: Աբելը անկեղծացել է, թե երբ է իրեն լիարժեք երջանիկ զգում:

-Աբե՛լ, Դուք ապրում եք անցյալո՞վ, ներկայո՞վ, թե՞ ապագայով:

-Ներկայով եւ ապագայով:

-Ձեր ոլորտից կա՞ մեկը, ում հանդեպ առանձնակի ակնածանք եք տածում:

-Այս պահին կդժվարանամ ասել, բայց հաստատ կան մարդիկ, որոնց ես շատ եմ հարգում, որոնցով հիանում եմ:

-Միանգամից ընկերանում եք, հետո «մաղո՞ւմ», թե՞ նախապես զգուշավորություն եք ցուցաբերում:

-Ես հեշտությամբ եմ մարդկանց հետ շփվում, բայց միանգամից չեմ ընկերանում, ուղղակի հետո շփման դոզան ճիշտ բալանսի վրա եմ պահում, որպեսզի միմյանց երբեւէ չվանենք:

-Ապրում եք սպասելո՞վ, թե՞ սպասում եք ապրելով:

-Ապրում եմ՝ գործելով: Ինչի՞ն սպասեմ, ժամանակ չկա…

-Ամենազարմանահրաշ բանը, որ ստեղծել է մարդը:

-Աստծո օգնությամբ, իհարկե, երեխաները:

-Ո՞վ է Ձեր սիրելի պոետը:

-Համո Սահյանը:

-Ո՞վ է Ձեր ամենասուր քննադատը:

-Ես եմ: Եթե մի բան դուրս չի գալիս, հաջորդ անգամ աշխատում եմ անպայման ուղղել:

-Ո՞րն է Ձեր սիրելի երաժշտական գործիքը:

-Շատ կան, երեւի թե դուդուկը:

-Ո՞րն է այն գույնը, որը Ձեզ բարձր տրամադրություն է հաղորդում:

-Կարմիրը:

-Ինչի՞ համար եք ափսոսում:

-Ոչ մի բանի:

-Շարունակե՛ք միտքը. «Կինը երբեք չպետք է…»

-Չպետք է դադարի կին լինելուց:

-Որո՞նք են կանացիության Ձեր չափանիշները:

-Կինը պետք է լինի այնպիսին, ինչպիսին ինքն է ուզում: Ինձ համար լավ կինը նա է, որը լավ զավակ է եւ լավ մայր: Մնացածը էական չէ:

-Երբեք չեք համաձայնի նկարահանվել այն ֆիլմերում…

-Այն ֆիլմերում, որոնց նախնական սցենարն ինձ դուր չի գա: Առհասարակ, ֆիլմի որակը երեւում է վերջում, էկրանին: Կինոն կոլեկտիվ աշխատանք է:

-Վախենում եք, որ…

-Չեմ վախենում ոչնչից:

-Ի՞նչը երբեք չեք ներում:

-Անփութությունը՝ իր բոլոր դրսեւորումներով, մարդկային հարաբերություններում, կենցաղում, աշխատանքի մեջ: Անփությունն ամենավտանգավոր բանն է. անփութորեն կարող ես մարդ սպանել:

-Եթե չլիներ հումորը…

-Կլիներ դրան փոխարինող ուրիշ մի բան:

-Ի՞նչ է արվեստը, ո՞րն է Ձեր սեփական բնորոշումը:

-Դժվար հարց եք տալիս… Այսքան տարի արվեստի մեջ եմ, բայց մինչեւ վերջ չեմ հասկացել՝ ինչ է արվեստը: Երեւի դա այն է, ինչ դիպչում է հոգուն ու խորհելու առիթ է տալիս:

-Ձեր բնավորության անտանելի գիծը, որից ինքներդ էլ կցանկանայիք ձերբազատվել:

-Անտանելի բարի եմ, մարդիկ օգտվում են դրանից, բայց դրանում ես եմ մեղավոր, ոչ թե նրանք, ում հանդեպ ես բարի եմ:

-Վերջին մեկ տարում Ձեր դիտած ամենատպավորիչ ֆիլմը ո՞րն է եղել` կլինի արտասահմանյան կամ հայկական կինովարձույթից:

-«Ջոկերը» դիտեցի, որը չէի ասի, թե լավ կինո է, բայց տպավորիչ է, իսկ հայկական ֆիլմերից վերջին շրջանում տպավորվել եմ «Անհայտ բաժանորդ» ֆիլմից: Այն իր ֆորմատի մեջ բավական ստացված էր: Վաղուց հայկական ֆիլմեր դիտելով` այդքան մեծ հաճույք չէի ստացել: Սա ասում եմ օբյեկտիվորեն` անկախ այն հանգամանքից, որ իմ ընկերներն են ֆիլմի հեղինակները:

-Եվ վերջին հարցը՝ ե՞րբ եք Ձեզ լիարժեք երջանիկ զգում:

-Երբ գրկում եմ երկու որդիներիս:

Աննա Բաբաջանյան

Comments