Թուրքիայի 3-րդ դաշտային բանակի ուժերով Կարսի, հնարավոր է, նաև Մարգարայի կողմից արագ ռազմերթը դեպի Երևան, միգուցե հնարավոր լինի միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը Գյումրիի իր 102-րդ ռազմաբազան միայնակ թողնի, այսինքն` Վրաստանի արգելքի պատճառով չկարողանա այդ երկրի տարածքով արագորեն համալրել լրացուցիչ զորակազմով, ռազմական տեխնիկայով, զենք-զինամթերքով:

Սակայն մեծ պատերազմի դեպքում, հնարավոր է, Ռուսաստանը բոլորովին հաշվի չառնի Վրաստանի արգելքը և իրեն իրավունք վերապահի խախտել միջազգային իրավունքը, քանի որ այն իր ռազմավարական դաշնակցի վրա նախահարձակ լինելով, խախտած կլինեն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ու նրա կրտսեր եղբայր Ադրբեջանը: Իր տարածքով Ռուսաստանի զինուժի տեղափոխմանը Վրաստանի դիմադրությունը, այսինքն` հարվածը տեղափոխվող ռազմական տեխնիկային և անձնակազմին, կարող է այդ երկրի համար ուղղակի ճակատագրական հետևանքներ ունենալ, խոհեմ չլինելու դեպքում Վրաստանը կարող է ոտքի տակ գնալ:

Հարկ է նաև հաշվի առնել, որ 102-րդ ռազմաբազան հագեցած է անհրաժեշտ զենք-զինամթերքով, ռազմական տեխնիկայով` բացառությամբ Թուրքիայի զինուժին դիմակայելու համար անհրաժեշտ ռազմական ավիացիայի, թերևս նաև զրահատեխնիկայի քանակի, սակայն նույնիսկ Վրաստանի տարածքով անհրաժեշտ ռազմական տեխնիկան չտեղափոխելով կամ տեղափոխել չկարողանալով, Թուրքիայի ռազմական ավիացիայի առավելությունը կարող է չեզոքացնել С-400-ի ընդգրկմամբ հզոր հակաօդային պաշտպանությամբ, ինչպես նաև հեռահար «Կալիբր» թևավոր հրթիռներով Թուրքիայի համապատասխան օդանավակայաններին հարվածներ հասցնելով:

Comments