Գրանդ Քենդի»-ի քաղցրավենիքում որդեր են. ո՞րն է պատճառն, ու որտե՞ղ է սննդի շղթայի թույլ օղակը

«Անվտանգ սնունդ/ Հետք» 

ֆեյսբուքյան խմբում վերջերս օգտատերերը ահազանգում են, որ տարբեր խանութներից գնած «Գրանդ Քենդի» ընկերության քաղցրավենիքի մեջ որդեր են եղել։ 

«Գրանդ Քենդի» ընկերության որակի և վերահսկողության բաժնից, սակայն, հայտնում են՝ ընկերությունը մեղավոր չէ, պատճառը խանութներում պահման սխալ պայմաններն են։

Մենք զրուցել ենք սննդագետի հետ հասկանալու համար, թե որն է քաղցրավենիքում որդերի առաջացման պատճառը, արդյոք միայն պահման պայմանն է պատճառը, թե՞ արտադրության այլ փուլերում ևս կարող են որդեր առաջանալ։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ևս ընթացք էր տվել ահազանգերին, սակայն որեւէ բան չէր հայտնաբերել։ ՍԱՏՄ որակի վերահսկողության բաժնից, սակայն, փաստում են, որ կիլոգրամով վաճառվող քաղցրավենիքի դեպքում ժամկետների և պիտակների հետ կապված ծրագրային խնդիրներ կան, որի լուծումը հայտնի չէ՝ երբ կլինի։

 

Դեռևս 2018թ. օգոստոսի 27-ին «Հետք»-ը գրել էր, որ «Գրանդ Քենդի»-ի կոնֆետներից մեկում՝ «ROLLO»-ում, քաղաքացիները որդեր են հայտնաբերել։ Թեև խանութից գնորդին հավաստիացրել էին, որ կոնֆետները թարմ են, սակայն «Գրանդ Քենդի» ընկերությունից մեզ հայտնել էին, որ պատճառը, հավանաբար, «խանութի պահման պայմաններն են եղել»։

Վերջերս «Անվտանգ սնունդ/ Հետք» ֆեյսբուքյան խմբում մի քանի օգտատերեր իրենց գրառումներում հայտնեցին, որ տարբեր խանութներից, նույնիսկ հենց ֆիրմային խանութից գնված «Գրանդ Քենդի»-ի կոնֆետները պատշաճ որակի չեն. դրանցում որդեր են հայտնաբերել։

Խոսքը, մասնավորապես, «Բելոչկա», «Բելոչկա տրյուֆել», «Բաբաևսկի», «Շկոլնիկ», «Թռչնի կաթ», «Ոօլլօ» կոնֆետների մասին է, բողոքներ կան նաև «Գրանդ Քենդի»-ի շոկոլադապատ չրերի տեսականուց։
«Գրանդ Քենդի» ընկերության որակի և վերահսկողության բաժնի աշխատակից Քրիստինեն հայտնեց, որ որդերի առաջացման պատճառը խանութների ոչ պատշաճ պահման պայմաններն են։ Իսկ երբ հետաքրքրվեցինք՝ արդյոք քաղցրավենիքի արտադրական պրոցեսում իրականացնում են հումքի որակի վերահսկողություն, և արդյոք դրանք ունեն որակը հաստատող սերտիֆիկատներ, աշխատակիցը խնդրեց հարցերն ուղարկել գրավոր։

Խնդրեցինք տրամադրել նաև վերը թվարկած կոնֆետների հումքի որակի հավաստման սերտիֆիկատները, ինչպես նաև տեղեկացնել, թե վերջին մեկ տարում որ երկրներից են ներկրել «Գրանդ Քենդիի» արտադրանքի հումքը, մասնավորապես՝ ընդեղենը եւ կակաո հատիկը (կակաո հումք)։

hetq.am

Comments