Վերջին հետազոտությունների համաձայն՝ կորոնավիրուսի հետևանքով կորցրած համուհոտը վերականգնվում է մեկ ամսվա ընթացքում:

Իտալացի բժիշկները պարզել են, որ հիվանդների մոտ 49 տոկոսի այդ զգայարանների ընկալունակությունը վերականգնվում է ամբողջությամբ, մինչդեռ մոտ 40 տոկոսի մոտ՝ ոչ լիարժեք: Հիվանդների 10 տոկոսի մոտ դրական տեղաշարժ չի նկատվում, կամ վիճակը վատթարանում է:

Նկատի ունենալով համավարակի տեմպը՝ մասնագետները զգուշացնում են, որ հազարավոր մարդկանց մոտ կորոնավիրուսի հետևանքները կարող են երկարատև լինել: Նրանք զգուշացնում են, որ որքան ծանր է հիվանդության ընթացքը, այնքան երկարատև է առողջացման փուլը և, որպես հետևանք, ուշ են վերականգնվում համի ու հոտի զգայարանները:

Բանն այն է, որ երկարատև հիվանդության ընթացքում վիրուսի ազդեցությանն են ենթարկվում նյարդային վերջավորությունները, որոնք շատ դժվար են վերականգնվում, մինչդեռ հիվանդության թեթև ընթացքի դեպքում վարակը վնասում է միայն քթի խոռոչի լորձաթաղանթը:

Comments