«Միգուցե նորից ամпւսնանամ». Լիանան` իրենից 10 տшրով փոքր шմուսնուց բաժшնվելու և որդու հետ նրա հшրաբերությունների մшսին

170

Երգչուհի Լիանան մի տարի առաջ ամուսնալուծվել է իրենից 10 տարով փոքր ամուսնուց, սակայն նախընտրել է չբարձրաձայնել այս մասին։ Tert.am Life–ի հետ զրույցում նա ասաց, որ դրանով չէր հպարտանում, ուստի գերադասում էր լռել։Երգչուհու և նախկին ամուսնու որդին 6 տարեկան է։ Միայնակ մոր կարգավիճակն իր բարդություններն ունի, սակայն Լիանան ասաց, որ հոգեբանական բարդությունը վաղուց է հաղթահարել, իսկ մյուս խնդիրների դեպքում իրեն աջակցում են ընկերներն ու բարեկամները։
«Երեխան արդեն սովորել է հոր բացակայությանը, քանի որ իրենց շփումը շատ հաճախ չի լինում, սակայն ես երբևէ չեմ խոչընդոտել իրենց շփմանը։ Ինքս էլ նորմալ հարաբերություններ ունեմ նախկին ամուսնուս հետ,– ասաց նա ու հավելեց, որ ամուսնալուծությունն անդրադարձել է երեխայի վրա, սակայն հիմա նա ավելի խաղաղ պայմաններում է մեծանում։ –Ինձ համար շատ կարևոր է երեխայիս հոգեվիճակը, որպեսզի ինքը խաղաղ պայմաններում մեծանա։Հակառակ պարագայում ընտանեկան խնդիրներն անդրադառնում են նաև երեխայի վրա»։Լիանայի որդին 6 տարեկան է։ Թեև փոքր է, մայրիկի խոսքով, չի ներկայացնում մանկական այնպիսի պահանջներ, որոնք իրեն անհարմար իրավիճակում կդնեն. «Նա շատ հասկացող ու զգայուն երեխա է, լսում է ինձ։ Կարող է ինչ-որ բան ուզի, ասեմ` այս պահին չեմ կարող անել, խոստանում եմ, հետո կանեմ։ Հանգիստ սպասում է, գիտի, որ անպայման կիրականացնեմ իր ցանկությունը։ Առհասարակ, միշտ իմ խոսքի տերն եմ։ Ես կողմ եմ, որ երեխաները համեստ պայմաններում են մեծանում։ Ինքս էլ նման պայմաններում եմ մեծացել։ Ունևոր քիչ ընտանիքիների գիտեմ, որտեղ դաստիարակված, նորմալ մարդիկ են մեծանում, իսկ դա շատ ավելի կարևոր է»։Իր ամուսնալուծության պատճառը բացահայտել Լիանան չցանկացավ։ 38–ամյա երգչուհին ամուսնացած էր իրենից 10 տարով փոքր տղայի հետ, սակայն ամուսնալուծությունն այդ փաստով չի պայմանավորում։ «Տարիքն իրենն ասում է, սակայն ես շարունակում եմ կարծել, որ սերը տարիք չի հարցնում։ Եթե նույնիսկ ինձանից 10 տարով մեծ տղամարդու հետ ամուսնացած լինեի, միևնույն է, ինձ ավելի մեծ կզգայի, որովհետև ես գաղափարապես եմ հասուն։ Ես ինձ 38 տարեկան չեմ զգում։Գուցե, դա կյանքի դժվարություններով է պայմանավորված։ Ես լուրջ մարդ եմ, փոքրուց եմ այդպիսին եղել»,– ընդգծեց նա։Լիանան երկրորդ անգամ է ամուսնալուծվում։ Նա ամուսնացած է եղել նաև երգիչ Արա Մարտիրոսյանի հետ։ Երգչուհու անձնական կյանքը հեշտ չի դասավորվել, սակայն նա հույսը չի կորցնում` գտնել անձնական երջանկությունը։«Չկա չարիք առանց բարիքի։ Ես ուժեղ մարդ եմ։ Կարծում եմ` ամեն ինչ լավ է լինելու։ Մտածում եմ կյանքս վերադասավորելու մասին, թեև դեռ քայլեր չեմ ձեռնարկում։ Կարծում եմ` ամեն ինչ առջևում է, կլինի այն մարդը, որն ինձ շատ կսիրի, ինձ համար շատ բաների պատրաստ կլինի, ինքս կսիրեմ իրեն, միգուցե, մի օր նորից ամուսնանամ։ Ինչպես ասում են, Աստված երրորդություն է սիրում։ Երրորդ անգամ ամեն ինչ ավելի դիպուկ ու ճիշտ կստացվի։ Ամենակարևորը, արդեն առողջ մարդ եմ»,– ասաց երգչուհին, որը ժամանակին երիկամների հետ կապված առողջական լուրջ խնդիր ուներ։ Ասում է` հաղթահարել է այն, այժմ հետևում է առողջությանը, որպեսզի խնդիրը չկրկնվի։«Հիվանդությունն ինձ անընդհատ կապում էր տան հետ, սուր ցավերից ելնելով տանից դուրս չէի գալիս։ Հիմա, փառք Աստծո, լավ եմ,– ասաց նա ու հավելեց, որ շարունակում է աշխատել,– երբևէ չեմ դադարել աշխատել։Նույնիսկ սուր ցավերի դեպքում մայրս ինձ ներարկում էր անում, գնում էի համերգի, աշխատանքի։ Ես 15 տարեկանից աշխատել եմ, պահել իմ ընտանիքին։ Ինքս առանց հայրիկի եմ մեծացել և փոքրուց տեսել եմ այդ բարդությունները»։Երգչուհին ուրախությամբ նկատեց, որ այլ աշխատանքով զբաղվելու խնդիր չունի, քանի որ որպես երգչուհի, ունի պահանջարկ, աշխատում է ակումբներում, համերգների հրավերների դեպքում, ելույթ է ունենում համերգների ժամանակ, թեև այդպիսիք շատ քիչ են լինում։

Comments